Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884 թվականի 20 ապրիլին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ է։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ 
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ 1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճում, (Ghent University Library) Rozier 9, B-9000 Ghent։ 
Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 
1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911 թվականին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1914 թվականին հինգ հիմնադիրներից է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։
1915 թ. էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին՝ Չանղըրի քաղաքի մոտ՝ մի ձորում, հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին (վախճանվել է 1915 թվականի օգոստոսի 26-ին, Չանկիրի, Թուրքիայում)։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց, որի առջև դրված է նրա կիսանդրին։
Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թ. բանաստեղծը պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թ. կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։


Նույն հեղինակի հրատարակություններ

Դանիել Վարուժան

Մեդիափաթեթ

  / 0
Տարեթիվ: 2018
Բաժին: Մեդիափաթեթ
Դիտումներ: 1263
Դանիել Վարուժանի ստեղծագործությունները Ցեղին սիրտը

Հարճը

Պոեմ

  / 0
Տարեթիվ: 2018
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 891
Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավա

Հացին երգը

Ժողովածու

  / 0
Տարեթիվ: 2018
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1263
Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավա

Հեթանոս երգեր

Ժողովածու

  / 0
Տարեթիվ: 2018
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1107
Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավա

Սարսուռներ

Ժողովածու

  / 0
Տարեթիվ: 2018
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 995
Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավա

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ