Գաբրիել Գարսիա Մարկես
Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում։ Գաբրիելի ծնվելուց հետո նրա հայրը ձեռք է բերում դեղագործի աշխատանք։ 1929 թ. հունվարին նրա ծնողները տեղափոխվում են Սուկրե։ Մարկեսը մնում է Արակատակայում, ուր նրան դաստիարակում են մայրական կողմից տատն ու պապը։ Հենց նրանք էլ ծանոթացնում են ապագա գրողին ժողովրդական ավանդույթներին և լեզվական առանձնահատկություններին, որոնք էլ դառնում են իր արվեստի հիմնական տարրերը։ Երբ բոլորում է Մարկեսի 9 տարին, մահանում է նրա պապը և Գաբրիելը տեղափոխվում է ծնողների մոտ՝ Սուկրե։
1940 թ.-ին 12 տարեկանում Գաբրիելը կրթաթոշակ է ստանում և սկսում սովորել Սիպակիրա քաղաքի քոլեջում։ 1946 թ.-ին ծնողների դրդմամբ ընդունվում է Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանական բաժին։ Հենց այստեղ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մերսեդես Բարչա Պարդոյի հետ։ 1950 թ.-ին ժամանակից շուտ ընդհատելով ուսումը՝ որոշում է զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ: Այդ տարիներին դառնում է գրողների և ժուռնալիստների ոչ պաշտնական խմբի (որը հայտնի էր Բարրանկիլյաների խումբ անվան տակ) ակտիվ անդամ։ 1954-1955 թ.-ին Մարկեսը աշխատում է «El Espectador» թերթում՝ տպագրելով հոդվածներ ֆիլմերի համար
1961 թ.-ին լույս է տեսնում «Գնդապետին ոչ ոք չի գրում» (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba) գիրքը, իսկ 1966-ին՝ «Չարաբաստիկ ժամը» (իսպ.՝ La mala hora, 1966) վեպը։ Համաշխարհային հայտնություն Մարկեսին բերեց «Հարյուր տարվա մենություն» (իսպ.՝ Cien años de soledad, 1967) վեպը։ 1972 թ.-ին այս վեպի համար նրան շնորհվում է Ռոմուլո Գալյեգոսի մրցանակը։