Էդգար Ալլան Պո
Էդգար Ալլան Պոն ծնվել է 1809թ. հունվարի 19-ին, Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։
1820 թվականին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826 թվականին՝ Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833 թվականի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։
Հայտնի է, որ Էդգար Պոն փորձում էր գիտությունը և մասնավորապես մաթեմատիկան կիրառել գրականության մեջ։ Պոյի «տրամաբանական» նովելներից է «Ոսկե բզեզ»։ Այս նովելում տրամաբանության միջոցով ոչ թե սպանություն է բացահայտվում, այլ գանձեր են հայտնաբերվում։ Այս «հետաքրքրաշարժ, զարմանահրաշ, ճշգրիտ դատողություններով լի նովելը» (Ժյուլ Վեռն), մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային արկածային գրականության զարգացման վրա:
Մահացել է 1849թ. հոկտեմբերի 7-ին: