Ակսել Բակունց
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ և հայ դասական պատմվածքի և վիպակի խոշոր ներկայացուցիչն է:
1917 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1923 թ-ին՝ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը:
1918 թ-ին կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, ապա` Սարդարապատի հերոսամարտին:
1924–26 թթ-ին աշխատել է գյուղատնտես Զանգեզուրում: Այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրել է պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Նա ճանաչվել է «Մթնաձոր» (1927 թ.) պատմվածքների ժողովածուով, որտեղ արտահայտիչ գույներով պատկերել է հայրենի բնությունը, մարդկանց սոցիալական կյանքը, կենցաղը, հայ գեղջուկի հոգու գեղեցկությունը:
Գյուղի թեման է շոշափում նաև «Սև ցելերի սերմնացանը» (1933 թ.) պատմվածքների ժողովածուն: Այս երկու ժողովածուների մեջ են ամփոփված «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չարքը», «Բրուտի տղան», «Ծիրանի փողը», «Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին» և այլ հայտնի պատմվածքներ, որոնց հերոսներն ազնիվ են, արդարամիտ, բյուրեղյա հոգի ու ջերմ սիրտ ունեն: «Ալպիական մանուշակում» Բակունցը պատկերել է լեռնային Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը՝ իր ավերակ բերդով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով. կինը` օջախի առաջ, ոտաբոբիկ երեխաները, հոգնաբեկ հնձվորը` կորեկի արտում, և այլն: Ամբողջ պատմվածքը բնությանը ձոնված մի հրաշալի բանաստեղծություն է: «Միրհավը» պատմվածքում գրողը փառաբանել է սերը, կյանքի գեղեցկությունը: Հրից ու սրից, հալածանքից ու եղեռնից հազիվ փրկված հայ ժողովրդի մի բեկորն է «Ծիրանի փողը» պատմվածքի հերոսը՝ Հազրոն: Գյուղական հասարակ ջրվորի մասին է «Լառ Մարգարը» պատմվածքը, որի հերոսը կորցրել է հայրենի տունը, ունեցվածքը, հարազատներին, սիրելի մարդկանց, սակայն անաղարտ է պահել հոգու ազնվությունն ու վեհությունը: Մանկության օրերի սրտառուչ հուշագրություն է «Բրուտի տղան» պատմվածքը: «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի հերոսը՝ Արթին պապը, թագավորին նամակ գրելու համար դաժանորեն ծեծվում է և մերժվում, սակայն շարունակում է հավատալ արդարության հաղթանակին:
Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն: Բակունցի սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961 թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները:
Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, մանկավարժական քոլեջ` Երևանում, 1970 թ-ից Գորիսում գործում է նրա տուն-թանգարանը: