Ժյուլ Վեռն
Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne, փետրվարի 8, 1828, Նանտ - մարտի 24, 1905, Ամյեն) ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների։
Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1798 - 1871) սերում էր փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին (1801 - 1887) բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։
Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր): 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսայի միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ: