Ալեքսանդր Շիրվանզադե
Ալեքսանդր Շիրվանզադեն (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի) ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին, դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։
Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։
Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։
Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։
Վախճանվել է 1935թ. օգոստոսի 7-ին: