Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին (անգլ.՝ John Ronald Reuel Tolkien, հունվարի 3, 1892, Բլումֆոնթեյն- սեպտեմբերի 2, 1973, Բորնմութ), անգլիացի հանրահռչակ գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է անգլոսաքսոնական լեզու (1925-1945), այնուհետև՝ անգլերեն և գրականություն (1945-1959)։ Դավանանքով կաթոլիկ։ 1972 թ մարտի 28-ին Թոլքինին շնորհվել է Բրիտանական կայսրության կոմանդորի կոչումը։ Գրել է հիմնականում ֆենթեզի ժանրում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները «Հոբիտ կամ գնալն ու գալը» վեպն է և «Մատանիների տիրակալը» եռագրությունն են։
«Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերենով գրված ամենահանրաճանաչ գրքերից մեկն է։ 1968 թվականին անգլախոս աշխարհում եռագրությունը կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ։ Ներկայումս վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով։ 2003 թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»։