Խորխե Բուկայ
Խորխե Բուկայը ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։ 1973 թվականին Բուկայը ավարտեց Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատեց հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա Պիրովանո կլինիկայի աշխատակիցն էր, աշխատել է նաև Սանտա-Մոնիկա կլինիկայում։
Այսօր բժիշկ Բուկայը ապրում է Մեքսիկայում, նա իրեն համարում է «պրոֆեսիոնալ ոգևորող», չնայած թերապևտիկ գործունեությամբ նա այլևս չի զբաղվում, իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, նա հրապարակում է Իսպանիայում հանրահայտ, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում Մենտե Սանա (առողջ հոգի) ամսագիրը։
Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանված են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։