Ներսես Շնորհալի
Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, 1166 թ-ից) միջնադարյան Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն և համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչներից է:
Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին: Սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս:
Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, միշտ եղել է 18 տարեկանում կաթողիկոս կարգված եղբոր՝ Գրիգոր Գ Պահլավունու կողքին: Նրանք ծրագրել էին հայրապետական աթոռը փոխադրել Անի, այնտեղ վերականգնել հայկական իշխանությունը: Սակայն Հայաստանի քաղաքական ծանր պայմաններում հնարավոր չի եղել իրագործել այդ ծրագիրը: Եղբայրները 1150 թ-ին Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն:
Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ժառանգությունը, որը մեզ է հասել գրեթե անկորուստ: Գրել է արձակ (ճառեր, թղթեր, մեկնություններ) և առավելապես չափածո (տաղեր, բանքեր, շարականներ, հանելուկներ, պոեմներ և այլն) երկեր: Արձակ գործերն առնչվում են հեղինակի եկեղեցական ու քաղաքական գործունեությանը և ունեն պատմական ու գրական մեծ արժեք:
Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների 2 շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ: