Վոլտեր
Վոլտեր (ֆր.՝ Voltaire, նոյեմբերի 21, 1694[1], Փարիզ[1][2] - մայիսի 30, 1778[3][1], Փարիզ[1][2], իսկական անունը՝ Ֆրանսուա-Մարի Արուե, ֆր.՝ François Marie Arouet, Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփաներից մեկն է, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երկիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Վոլտերն ունեցել է բեղուն գրիչ, թողել է ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ։ Նա սոցիալական բարեփոխումների ջատագով էր, Կաթոլիկ եկեղեցու մոլի քննադատ (թեև նրան է պատկանում հայտնի արտահայտությունը. «Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել»)։ Ըստ որոշ տվյալների նրա IQ-ի գնահատականը մոտավորապես եղել է 190։