Մարկոս Ավրելիոս
Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (լատ.՝ Marcus Aurelius Antoninus, ապրիլի 26, 121, Հռոմ - մարտի 17, 180, Վինդոբոնա), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։ Հաջորդել է Անտոնիոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։ 166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «բուկոլոսների» /հովիվների/ ապստամբությունը։
Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Գիրք ոսկեղենիկ» փիլիսոփայական աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։