Խնկո Ապեր
Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870, Սպիտակի շրջանի Ղարաբոյա – հոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ[1], լեգենդներ, առակներ։
Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները[2]։
Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։