Ռյունոսկե Ակուտագավա
Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介 մարտի 1, 1892, Տոկիո - հուլիսի 24, 1927, Տոկիո), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական։
Կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925 - 1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը։ 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ։
Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները» (1915), «Քիթ» (1916), «Դժոխքի տանջանքները» (1918) պատմվածքները։ Երիտասարդ տարիքում նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունենում ճապոնական Մեյձի շրջանի գրողներ Նացումո Սոսեկին և Մորի Օհայը, ինչպես նաև հայտնի գրողներ Գի դը Մոպասանը, Անատոլ Ֆրանսը, Ֆեոդոր Դոստոևսկին, Յուհան Ստրինդբերգը և ուրիշներ։ Ակուտագավան լավ ծանոթ էր ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական գրականությանը։ Նրա «Բատատի ճաշ» ստեղծագործությունը ոգեշնչված էր Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքից, «Այգին» Անտոն Չեխովի «Բալենու այգին» պիեսից իսկ «Վալդշնեպ» (1921) ստեղծագործության հերոսները ռուս գրողներ Լև Տոլստոյն ու Իվան Տուրգենևն էին։
1916 թ-ից նա անգլերեն է դասավանդում ուսումնարաններից մեկում։ Այդ տարիներին գրում է Յասուկիտիի մասին պատմածքաշարը՝ «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» և այլն։ 1919 թվականին աշխատանքի է անցնում «Օսակա մայնիտի սիմբուն» թերթում։ 1921 թ. որպես հատուկ թղթակից նրան չորս ամսով գործուղում են Չինաստան: Չինաստանում աշխատած տարիներին նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը վատթարանում է։ Ճապոնիա վերադառանալուց նա տառապում էր անքնությամբ։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։
Ինքնասպան է եղել 1927 թվականին։