Ֆեոդոր Դոստոևսկի
Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1821, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 28 (փետրվարի 9), 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը:
Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ «Կարամազով եղբայրները» համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը[11]: 1877 թվականից Պետերբուրգի ԳԱ թղթակից-անդամ է։
Գրականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են հասուն վեպերը՝ «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրներ»: Չնայած նրան, որ «Գրողի օրագրում» հրապարակվում էին գրական ստեղծագործություններ, այն համարվում է հրապարակախոսական և քննադատական շարք։
Եղբոր մահից կես տարի անց «Էպոխայի» հրատարակությունը կասեցվեց (1865 թվականի փետրվար)։ Իր վրա վերցնելով «Էպոխայի» պարտքերի հանձնառությունը և ֆինանսական դժվարություններ կրելով՝ Դոստոևսկին ստիպված համաձայնեց իր երկերի ժողովածուն ստրկական պայմաններով հրատարակելու Ֆեոդոր Ստելովսկու առաջարկին և սկսեց աշխատել «Ոճիր և պատիժ» վեպի վրա։ Առաջին գլուխները, որպես լրակազմ, անմիջապես ուղարկվում էին Միխայիլ Կատկովին՝ պահպանողական «Ռուսկի վեստնիկ» ամսագրին, որտեղ էլ լույս տեսան 1866 թվականի փետրվարին և սկսեցին տպագրվել հերթական համարներում։ Մինչև տարեվերջ Դոստոևսկին կարողացավ ավարտել վեպը։
Սակայն, ըստ Ստելովսկու հետ կնքած «հրեշային պայմանագրի» խիստ պայմանների[18], գտնվելով հրատարակչի օգտին 9 տարով հեղինակային իրավունքները և իր հրատարակությունների հոնորարները կորցնելու վտանգի տակ, գրողը ստիպված էր նոր, չհրատարակված վեպ ներկայացնել մինչև 1866 թվականի նոյեմբերի 1-ը։ Դոստոևսկին գտնվում էր մի այնպիսի ծայրահեղ իրավիճակում, երբ այդպիսի կարճ ժամանակահատվածում նոր վեպ գրելը նույնիսկ ֆիզիկապես անհնար էր։ Բոլորովին պատահաբար օգնության հասավ գրողի ընկերը՝ Ա. Միլյուկովը, որը «Խաղամոլը» վեպի ստեղծման գործընթացն արագացնելու համար գտավ լավագույն սղագրուհի Աննա Գրիգորևնա Սնիտկինային։