Ալեքսանդր Պուշկին
XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Ծնվել է 1799թ.-ի հունիսի 6-ին: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–1817թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում:
1817-1820թթ. աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին, ձեռք բերել գրական համբավ: Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812թ.-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը:
«Ազատություն» (1817թ.), «Գյուղը» (1817թ.), «Չաադաևին» (1818թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ, որտեղ մնացել է 4 տարի (1820-24թթ.): 1824-1826թթ. Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում տեղական իշխանության մշտական հսկողության տակ:
Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր: 1830թ.-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823-1831թթ.) չափածո վեպը:
1830-ական թվականներին Պուշկինը հաճախ է դիմել գեղարվեստական արձակին՝ դառնալով ռուս ռեալիստական արձակի սկզբնավորողը: Գրել է «Բելկինի պատմվածքները» (1830թ.), «Պիկովայա դամա» (1833թ.) վիպակը, «Դուբրովսկի» (1832-1833թթ.), «Կապիտանի աղջիկը» (1833-1836թթ.) վեպերը, «Պուգաչովի պատմություն» (1833թ.) ուսումնասիրությունը և այլ երկեր:
Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:
Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և, ի վերջո, դարձել է դրանց զոհը: 1837թ.-ի փետրվարի 10-ին ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել: