Համո Սահյան
Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (յան) համատեղումով: Ծնվել է 1914 թվակականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։1927 թվականին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։
Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։
Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը:
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։
Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։