Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գաբրիել Սունդուկյան

Գաբրիել Սունդուկյան

Սունդուկյան Գաբրիել Մկրտումի  հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ ծնվել է 1825 թվականի հուլիլի 11-ին Թբիլիսիում, առևտրականի ընտանիքում: Նա բնիկ թիֆլիսեցի էր: Առևտրական հայրը շուտ էր մահացել, ընտանիքի հոգսը թողնելով կնոջը: Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-1858 թվականներին ապրել և աշխատել է Դերբենդում։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով։ 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։
Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Անդրկովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Դ. Դեմիրճյանի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։
Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին, նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրեց «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։
Ստեղծագործության երկրորդ շրջանում Սունդուկյանը գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884) պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ «Էլի մեկ զոհ»–ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ։
Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871 թվականի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։
«Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։
1872-1876 թվականներին «Մշակ»–ում տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-86 թվականին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում Սունդուկյանը համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։
Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հովհաննես Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին։

Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը գտնվում է Երևանի Անգլիական այգում (Կոմայգի), Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքի առջև: Տեղադրվել է 1972 թվականին։

Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականի մարտի 29-ին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։ 

 


Նույն հեղինակի հրատարակություններ

Պեպո

Կատակերգություն

 3 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 3779

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ