Վահագն Դավթյան
Վահագն Արմենակի Դավթյան (օգոստոսի 15, 1922, Արաբկիր, Մալաթիայի մարզ, Թուրքիա - փետրվարի 21, 1996, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ է։ Հայկական ԽՍՀ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Կոմունիստները» բանաստեղծության և «Տաղարան» բանաստեղծությունների շարքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979): ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ 1953 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։
Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ Չորս տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռապան էր և օգնում էր ընտանիքին։
Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 1981-1990 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին։
Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։