Օ. Հենրի
Օ.Հենրին ծնվել է 1862 թ. սեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) բժշկի ընտանիքում։ Երեք տարեկան հասակում զրկվում է մորից, ավելի ուշ անցնում է հորաքրոջ խնամատարության տակ։ Դպրոցից հետո դեղագործի մասնագիտություն է սովորել, աշխատել է հորեղբոր դեղատանը, այնուհետև երեք տարի հետո մեկնել է Տեխաս, որտեղ մի քանի աշխատանքի տեղ փոխելուց հետո ընդունվել է գանձապահ ու հաշվետար Օսթին քաղաքի բանկերից մեկում։
Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմում է փախուստի և մոտ կես տարի թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև՝ Հարավային Ամերիկայում։ Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվում է և բանտարկվում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անցկացնում է 3 տարի (1898 - 1901 թթ)։
Բանտում Փորթերը աշխատում է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրում՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ. Հենրի գրական անունը։ Իր առաջին պատմվածքն այդ անվան տակ՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը» տպագրվել է 1899 թ. «Մաք Քլյուր ամսագրում» (Mc Clure’s Magazine)։
Օ. Հենրիի միակ վեպը՝ «Արքաներն ու կաղամբը» (Cabbages and Kings), լույս է տեսել 1904 թ.։
Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910 թ. հունիսի 5-ին Նյու-Յորքում 47 տարեկան հասակում։