Ջերոմ Կլապկա Ջերոմ
Ջերոմ Կլապկա Ջերոմ (անգլ.՝ Jerome Klapka Jerome, մայիսի 2, 1859, Ուոլսոլ - հունիսի 14, 1927, Նորտհեմպտոն), անգլիացի գրող-զավեշտաբան:
Եղել է ուսուցիչ, դերասան, երգիծական հանդեսների խմբագիր։ Ջերոմի առաջին ստեղծագործությունները («Բեմի վրա և բեմի ետևում», 1888, «Բեմական աշխարհից», 1889) կապված են թատրոնի հետ։ Նրա ամենաճանաչված գործը «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» (1889, հայ․ հրտ․ 1982) կատակերգական վիպակն է, որի շարունակությունն է «Երեքը հեծանիվով» (1900) վիպակը։
Ջերոմը հեղինակ է բազմաթիվ երգիծական պատմվածքների («Պարապ մարդու պարապ մտքերը», 1889, «Մի ուխտագնացության օրագիր և վեց ուրվագիծ», 1891) ու պիեսների («Արևամուտ», 1888, «Օրիորդ Հոբբսը», 1899, «Չորրորդ հարկի կենվորը», 1908)։
Ջերոմի երգիծանքը բարեմիտ է, հաճախ՝ սենտիմենտալության ու բարոյախոսության հետ խառնված, թեման՝ ձախողակ մարդկանց մանր անհաջողությունները։
1894–1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ Ջերոմն իր զայրույթն է արտահայտել թուրք բարբարոսների ու նրանց «քաղաքակիրթ» հովանավորողների դեմ։