Մարկ Տվեն
Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, անգլ.՝ Samuel Langhorne Clemens, նոյեմբերի 30, 1835, Ֆլորիդա, Միսսուրի - ապրիլի 21, 1910, Ռեդինգ)
1853-ից թափառել է երկրով մեկ, եղել է լոցման, ոսկեխույզ, լրագրող։ Լայն տարածում է գտել բանահյուս, սյուժեով գրված նրա «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (1865) պատմվածքը։ Երիտասարդ Տվենի երգիծանքը երբեմն դառն է, բայց նրա համաշխարհային ճանաչում գտած պատմվածքների մեծ մասը («Հին ու նոր ակնարկներ», 1875, ժող․) համակված է վարակիչ կենսուրախությամբ։ Տվենին հուզել է միջնադարի խնդիրը։ Անցյալի հիերարխիկ հասարակությունը, որ խռովում էր նրա դեմոկրատ, էությունը, նրան պատկերանում էր գրոտեսկային տեսքով։ 1882-ին հրատարակվել է Տվենի «Արքայազնը և աղքատը» (հայ․ հրտ․ «Իշխանն ու աղքատը», 1893) վիպակը, որտեղ այլաբանական պատումը կրքոտությամբ մերժում է սոցիալ․ առանձնաշնորհումների ու միջնապատերի աշխարհը։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։ Նոր ժամանակաշրջանի խոշորագույն հումորիստ Տվենը նաև սիրված մանկագիր է։ Նրա ստեղծագործությունը լայն արձագանք է գտել հայ իրականության մեջ։