Լայման Ֆրենք Բաում
Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թ. Նյու Յորքում, գերմանական, շոտլանդա-իռլանդական, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում։ Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում՝ Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին։ Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի Փիքսքիլի ռազմական ակադեմիա։ Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն։
Վաղ հասակից է սկսել գրել։ Նկատելով որդու ձգտումները՝ հայրը գնել է տպագրական մեքենա, որով հետագայում Ֆրենքը և նրա եղբայր Հենրին տպագրում են «Ռոզա Լոուն ընտանեկան ամսագիրը» Մինչև 17 տարեկանը տպագրում է ևս մեկ սիրողական ամսագիր։
1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը։ 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր Օզ երկիր։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ ֆենթեզի վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ:
Մահացել է 1919թ. մայիսի 6-ին: