Ջոն Դյուի
Ջոն Դյուին ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 20-ին Բեռլինգտոնում (Վերմոնտ)՝ ծխախոտ արտադրողի ընտանիքում։ Նա Արչիբալդ Սպրագ Դյուիի և Լուսինա Արտեմեսիա Ռիչի չորս տղաներից երրորդն էր։ Դյուին և նրա երեք եղբայրները սովորում էին պետական դպրոցում, հետագայում՝ Բեռլինգտոնում՝ Վերմոնտի համալսարանում։ Համալսարանում ուսումնառության տարիներին Դյուին պրոֆեսոր Թորեյի ղեկավարությամբ, ով դասավանդում էր փիլիսոփայական էթիկա, ուսումնասիրում է փիլիսոփայություն։
1879 թվականին, ավարտելով Վերմոնտի համալսարանը, Դյուին երկու տարի աշխատում է Օիլ Սիթիի ավագ դպրոցում, որի տնօրենն իր զարմուհին էր, և շարունակում զբաղվել փիլիսոփայության ուսումնասիրությամբ։ Այնուհետև որոշում է ընդունում շարունակել հոգեբանական կրթությունը և մեկնում Բալթիմոր՝ շարունակելու ուսումը Ջոն Հոպկինսի համալսարանում։ 1884 թվականին, ստանալով դոկտորական կոչումը, Դյուին ընդունում է Միչիգանի համալսարանում աշխատելու հրավերը, որտեղ աշխատում է 10 տարի շարունակ՝ միայն մեկ տարի (1888) աշխատելով Մինեսոտայի համալսարանում։
1894 թվականին տեղափոխվում է Չիկագոյի նորաստեղծ համալսարան։ 1904 թվականին հրավիրվում է աշխատելու կոլումբիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որտեղ աշխատում է մինչև 1930 թվականը։ Նա Նյու Յորքի Սոցիալական ուսումնասիրությունների նոր դպրոցի հիմնադիրներից է (1919), եղել է Ամերիկյան հոգեբանական և փիլիսոփայական համալսարանական պրոֆեսորների ասոցիացիայի նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դյուին հանդես է գալիս նացիստական գաղափարախոսության դեմ։