Ռիչարդ Ֆեյնման
Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնման (անգլ.՝ Richard Phillips Feynman, մայիսի 11, 1918, Քվինս շրջան - փետրվարի 15, 1988, Լոս Անջելես), ամերիկացի ֆիզիկոս, արդի քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ 1954 թվականից մինչև 1969 թ․ երբ ինքը հրաժարվեց իր անդամակցությունից:
Ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1939)։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանն ստացել է Պրինստոնի համալսարանում (1942), այնուհետև աշխատել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում և Կոռնելի համալսարանում։ 1950 թվականից Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկային, քվանտային մեխանիկային և վիճակագրական ֆիզիկային։ Մշակել է մաթեմատիկական այնպիսի ապարատ (Ֆեյնմանի դիագրամներ), որը կարևոր նշանակություն է ունեցել դաշտի քվանտային տեսության զարգացման համար։ Մարի Գել-Մանի հետ միասին 1958 թ. ստեղծել է թույլ փոխազդեցությունների քանակական տեսությունը։ Վիճակագրական ֆիզիկայում զարգացրել է պոլյարոնի տեսությունը միջանկյալ կապի դեպքի համար, բացատրել է մրրիկների առաջացումը գերհոսուն հելիումում (Ֆեյնմանի մրրիկներ)։ 1969 թ. առաջարկել է նուկլոնների փարթոնային մոդելը։ Քվանտային մեխանիկայում մշակել է ըստ հետագծերի ինտեգրման մեթոդը։ «Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ» հայտնի դասընթացի հեղինակն է (Ռ․ Լեյտոնի և Մ․ Սենդսի հետ համատեղ)։ 1965 թ. Նոբելյան մրցանակ է ստացել Յուլիան Շվինգերի և Սինյիտիրո Տոմոնագայի հետ)։ Մահացել է քաղցկեղից։