Իվան Տուրգենև
Իվան Սերգեյի Տուրգենև (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, հոկտեմբերի 28 նոյեմբերի 9, 1818, Օրյոլ, Ռուսական կայսրություն – օգոստոսի 22 սեպտեմբերի 3, 1883, Բուժիվալ, Ֆրանսիա), ռուս ռեալիստ (իրապաշտ) գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ։ Ռուս գրականության դասականներից է, Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1879)։ Հեղինակ է վեպերի, վիպակների և պատմվածքների։
Տուրգենևի ստեղծած գեղարվեստական համակարգը ազդեցություն է թողել 19-րդ դարի երկրորդ կեսի ոչ միայն ռուս, այլև՝ արևմտաեվրոպական վեպի բանաստեղծական արվեստի վրա։ Իվան Տուրգենևն առաջինը ռուս գրականության մեջ սկսեց ուսումնասիրել «նոր մարդու»՝ վաթսունականի անձը, նրա բարոյական հատկանիշները և հոգեբանական առանձնահատկությունները[9]: Նրա շնորհիվ ռուսաց լեզվում սկսեց լայնորեն կիրառվել «նիհիլիստ» եզրը[10]: Նա ռուս գրականության և դրամատուրգիայի քարոզիչն էր Արևմուտքում։
Իվան Տուրգենևի ստեղծագործության ուսումնասիրությունը Ռուսաստանի հանրակրթական դպրոցական ծրագրերի պարտադիր մասն է կազմում։