Վասիլի Շուկշին
Վասիլի Շուկշին (ռուս.՝ Василий Макарович Шукшин, հուլիսի 25, 1929[1][2], Սրոստկի - հոկտեմբերի 2, 1974[1][2], Կլետսկայա (ստանիցա, Կլետսկի շրջան)) ռուս սովետական գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր։
Վ. Շուկշինն այսպես կոչված «վաթսունականների» (սովետական արվեստի ուղղություն 1950 և 1960 թթ.) ներկայացուցիչներից էր։ Շուկշինը իր ստեղծագործություններում նկարագրում է հասարակ մարդկանց կյանքը։
1960 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Տպագրվել է 1959 թվականից։ 1963 թվականին հրատարակել է «Գյուղաբնակները» պատմվածքների ժողովածուն։ 1964 թվականին Շուկշինի սցենարով նկարահանվել է «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը։ ժամանակի ընթացքում ավելի որոշակի է հնչել գրողի բանավեճը «մարդ–ֆանաոմների», դեմագոգների և բյուրոկրատների հետ («Այնտեղ, հեռվում», ժողովածու)։ Շուկշինի հետաքրքրությունը հյութեղ ժողովրդական բնավորությունների նկատմամբ տարբեր կերպ է դրսևորվել «Լյուբավինները» (1965, «Լյուբավինների վախճանը», կինոնկար, 1972) պատմահեղափոխական վեպում, Ստեփան Ռազինի մասին «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ» (1971) կինովեպում, պատմվածքաշարերում («Բնավորություններ», ժողովածու, 1973, «Ձեր որդին և եղբայրը», 1966, «Տարօրինակ մարդիկ», 1971, ֆիլմերը)։ Քաղքենիական գիտակցության հոգեզրկությանը մարդկային հոգու դիմակայման թեման «Կարմիր բռինչ» կինովիպակում (նաև Շուկշինի սցենարով ստեղծված նույնանուն ֆիլմում, ուր Շուկշինը խաղացել է գլխավոր դերը) հասել է գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի։ Շուկշինը նկարահանվել է նաե «Երկու Ֆեոդոր», «Խոսք եմ խնդրում», «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հասարակ պատմություն», «Տղամարդկային խոսակցություն», «Լճի մոտ» (Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1971) ֆիլմերում։ Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհը ազգային և սոցիալհոգեբանական տիպերի բազմազանության մեջ տեսնելու ձգտումը, ուշադրությունը կենսական պրոցեսների բարդությունն արտացոլող ժամանակակից հասարակության կուլտուրական և բարոյական շերտավորման նկատմամբ։ Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են Շուկշինի «Մինչե աքլորականչը» (1976) և «Դեպք ռեստորանում» (1981) գործերը։