Վիլյամ Գոլդինգ
Վիլյամ Ջերալդ Գոլդինգ (անգլ.՝ William Gerald Golding, սեպտեմբերի 19, 1911[1][2][3], Կոռնուոլ - հունիսի 19, 1993[1][2][3], Պերանարվորթալ), անգլիացի գրող, անգլիացի արդի խոշորագույն արձակագիրներից մեկը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1983 թ.), «Ճանճերի տերը» (անգլ.՝ Lord of the Flies, 1954)[5], «Քրիսթըֆըր Մարտինի երկու մահը» վիպակների[5], «Սրաձողը» (անգլ.՝ The Spire, 1964) վեպի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Գրեթե քառասունամյա գրական գործունեության արդյունքում Գոլդինգը ստեղծել է 12 վեպ, որոնցից առաջինը՝ «Ճանճերի տերը», 20-րդ դարի հեղինակավոր ստեղծագործություններից մեկն է և համաշխարհային ճանաչում է բերել, էկրանացվել է 1963 թ. ռեժիսոր Փիթեր Բրուկի կողմից։
Գոլդինգը բանաստեղծություններ սկսեց գրել այն ժամանակ, երբ ուսանում էր Օքսֆորդում. սկզբում այդ հրապուրանքը ծառայում էր որպես ճշգրիտ գիտություններում խորանալու անհրաժեշտության յուրօրինակ հակակշիռ։ Ինչպես գրել է Բերնարդ Ֆ. Դիկը, սկսնակ գրականագետը պարզապես սկսեց «գրառել իր դիտարկումները բնության, անպատասխան սիրո, ծովերի կանչի և ռացիոնալիզմի գայթակղությունների մասին»[7]: Նրա ուսանող ընկերներից մեկը ինքնույույն հավաքագրեց այդ հատվածները մի ժողովածուի մեջ և ուղարկեց Macmillan հրատարակչություն, որը պատրաստվում էր թողարկել երիտասարդ հեղինակների պոեզիաների հատուկ շարք։ 1934 թվականի աշնան մի առավոտ Գոլդինգը անսպասելիորեն ստացավ հինգ ֆունտ ստերլինգի կտրոն՝ Poems by W. G. Golding ժողովածուի համար, ինչով և իրազեկվեց իր գրական կարիերայի սկզբի մասին[6][7]:
1935 թվականին Գոլդինգը ստացավ արվեստների բակալավրի աստիճան և աշնանն անցավ ուսուցչական աշխատանքի՝ Լոնդոնի հարավում ընկած Սթրիթեմի Մայքլ Հոլ դպրոցում[6]: Այդ տարիներին, լրացուցիչ աշխատելով հաշվարկային պալատում և սոցիալական ծառայություններում (մասնավորապես անտունների լոնդոնյան կացարանում), նա սկսեց գրել պիեսներ, որոնք ինքն էլ բեմադրում էր լոնդոնյան ոչ մեծ մի թատրոնում։ 1938 թվականի աշնանը Գոլդինգը վերադառնում է Օքսֆորդ՝ համալսարանի ավարտական դիպլոմը ստանալու համար, հաջորդ տարվա հունվարից սկսում է նախապատրաստական ուսուցչական պրակտիկան Ուորդսվորտ եպիսկոպոսի սոլբերյան դպրոցում[6], սկզբում՝ Մեյդսթունի միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Maidstone Grammar School), որտեղ և ծանոթանում է Էնն Բրուկֆիլդի՝ վերլուծական քիմիայի մասնագետի հետ։ 1939 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Սոլսբերի. այստեղ սկսնակ գրականագետը ձեռնամուխ եղավ անգլերեն լեզվի և փիլիսոփայության դասավանդմանը՝ արդեն իսկ Ուորդստվորյան դպրոցում[10]: Նույն տարվա դեկտեմբերին, առաջնեկի ծնունդից հետո, Գոլդինգն անցավ ծառայության նավատորմում։