Շեքսպիր
Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է:
Վիլյամ Շեքսպիրը սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը:
Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:
Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593 թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594 թ.), «Սիրահարի տրտունջը» (1609 թ.) և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության: