Օրհան Փամուկ
Ֆերիտ Օրհան Փամուկ (թուրք.՝ Ferit Orhan Pamuk, հունիսի 7, 1952, Ստամբուլ) - չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ 2006 թ. արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան հանձնախմբի հետևյալ ձևակերպմամբ. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։
Իր հայացքների պատճառով Փամուկը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Փամուկի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։ Իր ստեղծագործություններում Փամուկն օգտագործում է արևմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպտներ, արևելյան գեղարվեստական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում և փորձում ընդհանրացնել իսլամի և քրիստոնեության, Արևմուտքի և Արևելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական և կենսահայեցողական մոտեցումներն ու սկզբունքները։