Կոստան Զարյան
Հայ նշանավոր գրող Կոստան Զարյանը ծնվել է 1885թվականի փետրվարի 2-ի Շամախի քաղաքում: 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Զարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա: Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանը մեկնում Բելգիա ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն: Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն: Իր առաջին գիրքը` «Երեք երգերը», գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին): Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտորինո Ռեսպիգին ստեղծում է սիմֆոնիա: Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկում, որից Կոստան Զարյանը հրաժարվում է: 1920-ական թվականներին Հայոց եղեռնից մազապուրծ եղած Կոստան Զարյանը Շահան Պերպերյանի հետ համատեղ լծվում է «Բարձրավանք» հանդեսի հրատարակմանը: 1922 թվականին Պոլսում լույս է տեսնում Զարյանի հայերենով առաջին գիրքը` «Օրերի պսակը»: Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվում է Երևանում: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնում է Եվրոպա, լինում Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում: Հենց այդ ճանապարհին էլ հղանում է «Երկիրներ և Աստվածներ» շարքը, որը, ըստ էության, Զարյանի նոթերի ամբողջությունն է: Առաջին գրքում, որտեղ Զարյանը ներկայացնում է Իսպանիայից ստացած իր տպավորությունները («Սպանիա»), ըստ էության, շարադրված է մշակույթի փիլիսոփայություն: Սպանիան նմանեցնելով Հայաստանին` Զարյանը ցույց է տալիս, թե ժամանակակից ժգնաժամային իրականության պայմաններում ինչպես կարող է պահպանվել մարդը: Երկրորդ գիրքը, որը վերնագրված է «Միացյալ Նահանգներ», ներկայացնում է ամերիկյան «քաղաքակրթությունը», որը միտում ունի տարածվել ողջ աշխարհում: Դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին, երբ մտավորականների զգալի մասն ապրում էր "Viva America" նշանաբանով, Կոստան Զարյանը տեսնում էր ամերիկյան ապրելակերպի` աշխարհի համար հնարավոր վտանգի եղելությունը: Այնուամենայնիվ, Զարյանը կրկին վերադառնում է Հայաստան և մինչև կյանքի վերջն ապրում Երևանում: Այստեղ քչերն են կարողանում կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին: Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:
Մահացել է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում: