Հովհան Ոսկեբերան
Հովնան Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր Լիբանիոսի մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին։
398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։
Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության՝ Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։
438 թվականին, Հովհան Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։