Լիպարիտյան Ժիրայր
Ժիրայր Սեդրակի Լիպարիտյան (ծնվել է 1945, հուլիսի 10, Բեյրութ), պատմաբան։ Կրթությունն ստացել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես)։ 1969-1971 թվականներին խմբագրել է «Ասպարէզ» երկօրյան (Լոս Անջելես)։ 1973-1974 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանի պատմության բաժանմունքում, այնուհետև ամերիկյան այլ համալսարաններում. Մաունթ Սեյնթ Մերի կոլեջ (Լոս Անջելես)՝ 1975, Կալիֆոռնիայի նահանգային համալսարան (Լոս Անջելես) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան՝ 1976, Ռաթգըրզ համալսարան՝ 1977, Փուջըթ Սաունդ համալսարան՝ 1978, Լա Վեռն համալսարան՝ 1979-1981, Փենսիլվանիայի համալսարան՝ 1985, Մասաչուսեթսի համալսարան (Բոստոն՝ 1986, Թաֆթս համալսարան՝ 1987։ 1982-1988 թթ․ եղել է ՀՀԴ կուսակցության կենտրոնական արխիվի (Բոստոն), 1982-1990 թթ. նաև Զորյան ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենը և 1983-1988 թթ. «Արմինյան ռեվյու» ("Armenian Review") եռամսյա հանդեսի (Բոստոն) խմբագիրը։
1991 թվականի հունվար-հոկտեմբերին հիմնել ու վարել է ՀՀ Գերագույն խորհրդի հետազոտության և վերլուծության բաժանմունքը, 1991 թվականի նոյեմբերից 1994 թվականի սեպտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ 1997-2011 թթ. դասավանդել է Միչիգանի համալսարանում (Էնն-Արբոր)։
Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է մարդու իրավունքներին ու ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների ու սիմպոզիումների։ 1984 թվականի ապրիլին ելույթ է ունեցել ժողովուրդների մշտական ատյանում՝ «Երիտթուրքերի գաղափարախոսությունը» հաղորդմամբ։