Միխայիլ Շոլոխով
Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (ռուս.՝ Михаил Александрович Шолохов, մայիսի 11 (24), 1905[1], Կրուժիլինսկի, Շոլոխովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1984[1][2], Վյոշենսկայա, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար։
Ծնվել է գյուղացու ընտանիքում, Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի Կրուժիլին խուտորում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1922-ին մեկնել է Մոսկվա, աշխատել որպես բեռնակիր, որմնադիր, հաշվետար։
Նրա առաջին պատմվածքները տպագրվել են մամուլում ու ամփոփվել «Դոնի պատմվածքներ» և «Երկնագույն տափաստան» ժողովածուներում (1926)։ Դրանք նշանակալից երևույթ էին 20-ականների խորհրդային գրականության մեջ։
1924-ին Շոլոխովը վերադարձել է Դոն և ձեռնամուխ եղել «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի ստեղծմանը, որը հեղինակին ապահովեց համաշխարհային ճանաչում։ Շոլոխովի հաջորդ վեպը «Հերկած խոպանն» է։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շոլոխովը, որպես «Պրավդա»-ի թղթակից, եղել է ռազմաճակատի շատ տեղամասերում, հրապարակել հոդվածներ ու ակնարկներ («Դոնում», «Հարավում», «Կազակները» և այլն)։ Լայն ճանաչման է արժանացել հեղինակի «Ատելության գիտությունը» (1942) հրապարակախոսակամ պատմվածքը։ 1943-44-ին «Պրավդա» և «Կրասնայա Զվեզդա» թերթերում տպագրվել են «Նրանք մարտնչում են հանուն հայրենիքի» վեպի առանձին գլուխներ։